Այսօր Վաշինգտոնում նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները մեկնարկելու են Երևանի ժամանակով 22:30-ին, նախատեսված է նաև երկկողմ փաստաթղթի ստորագրում: 23:10-ին էլ Դոնալդ Թրամփը կընդունի Իլհամ Ալիևին, Ադրբեջանի նախագահի հետ նույնպես Սպիտակ տանը փաստաթուղթ է ստորագրվելու: Եռակողմ փաստաթղթի ստորագրումը կեսգիշերին է՝ Երևանի ժամանակով 00:15-ին:
ԱՄՆ նախագահը Truth social ցանցում գրել է. - «Նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար։ Միացյալ Նահանգները կստորագրի երկկողմ համաձայնագրեր երկու երկրների հետ՝ միասին տնտեսական հնարավորություններ հետապնդելու համար, որպեսզի լիովին բացահայտենք Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը»։
Թրամփն ընդգծել է՝ «սա կլինի պատմական օր Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և աշխարհի համար»:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ առանձին հանդիպումներից հետո ԱՄՆ նախագահը հայտարարությամբ հանդես կգա, հայտնել է մերձավորարևելյան հարցերով ամերիկացի վերլուծաբան Մայքլ Սքոթ Դորանը:
Հայկական կողմը պաշտոնապես միայն փոխանցել է ԱՄՆ նախագահի և Հայաստանի վարչապետի երկկողմ ու Փաշինյան-Ալիև-Թրամփ եռակողմ հանդիպման մասին տեղեկությունը, ոչ մի խոսք՝ արդյոք այդ հանդիպումների արդյունքներով նախատեսվում է փաստաթղթի ստորագրում կամ հայտարարություն:
Միջազգային լրատվամիջոցները գրում են, որ հանդիպումը կավարտվի խաղաղության շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նախօրեին ժամանել են ԱՄՆ: