Փաշինյան-Ալիև-Թրամփ ձեռքսեղմում և համատեղ հռչակագրի ստորագրում
Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև «այսօր ձեռք բերված պատմական խաղաղության համաձայնագիրը», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Ըստ նրա՝ այս պայմանագիր վերջ է դնում տասնամյակներ շարունակված հակամարտությանը, ինչը հնարավորություն է երկու երկրների համար՝ առաջ շարժվելու և կենտրոնանալու Հարավային Կովկասի տարածաշրջանի տնտեսական ներուժի բացման վրա, «ինչը կնպաստի առևտրային պայմանագրերի և բարեկեցության՝ ինչպես ամերիկյան ժողովրդի, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի համար»։
«Մենք շնորհավորում ենք երկու երկրներին խաղաղության նոր դարաշրջանի կապակցությամբ», - նշել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է՝ «չի խնդրել», որ Հայաստանով անցնող երթուղին անվանակոչվի իր պատվին, միաժամանակ հավելել է՝ «մեծ պատիվ է իր համար»։
AP-ն, վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի, նշում է, որ իրականում հայերն են առաջարկել անվանումը։
«Համաձայնագիրը նախատեսում է ստեղծել Թրամփի անունով նոր առևտրային և տարանցիկ միջանցք, որը կկապի մայրցամաքային Ադրբեջանը Նախիջևանի ինքնավար շրջանի հետ»,- հավելում է լրատվամիջոցը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Մենք նախաստորագրել ենք Խաղաղության պայմանագիրը, որը բանակցվել է երկար ժամանակ, և փաստը, որ այն նախաստորագրվում է, թիվ մեկ գերտերության մայրաքաղաքում, աշխարհի թիվ մեկ գրասենյակում, և ԱՄՆ մեծն նախագահի ներկայությամբ, նշանակում է, որ կասկած անգամ չպետք է լինի, որ կողմերից որևէ մեկը հետքայլ կկատարի։ Եթե մեզնից որևէ մեկը մտքներումս ունենայինք նման բան, չէինք գա այստեղ»:
Հարցին՝ կհետևե՞ն իրավական հետևանքներ, եթե կողմերից որևէ մեկը հետ կանգնի այսօր ձեռք բերված պայմանավորվածություններից, ԱՄՆ նախագահը պատասխանեց. «Ես չեմ կարծում, թե նման բան տեղի կունենա։ Ես ասել եմ՝ մեծ խնդիրները լուծված են, և եթե փոքր խնդիր ունենան, կարող են զանգել, ես կլուծեմ։ Եթե խնդիր լինի, մենք կլուծենք»։
Փաշինյանը իր ելույթում հայտարարեց. «Նախագահ Թրամփը արժանի է Խաաղաղության Նոբելյան մրցանակի, մենք պաշտպանելու ենք և այդ ուղղությամբ ջանք ենք գործադրելու»:
Ալիևը միանալով այդ առաջարկին ասաց. «Ո՞վ, եթե ոչ Թրամփն է արժանի Խաղաղության մրցանակին»:
Նա շեշտեց՝ ԱՄՆ նախագահը «հրաշք է» գործել, «ընդամենը վեց ամսում» խաղաղություն է բերել տասնամյակներով պատերազմում գտնվող տարածաշրջանում:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հանդիպել են Սպիտակ տանը:
Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի փոխանցմամբ՝ նպատակ ունենալով խորացնելու ռազմավարական համագործակցությունը երեք առանցքային ոլորտներում՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների Կառավարությունները ստորագրել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության, արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության և էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրերը:
«Այս բեկումնային առաջընթացը հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության ու խաղաղության նկատմամբ նրա վճռական հանձնառության։ Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը ճանապարհ կհարթի մեր երկրների միջև տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ դնելու համար և կբացի նոր դարաշրջան», - ասաց վարչապետ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այսօրվա համաձայնագրերը, որոնց ստորագրմանը ներկա կլինի նաև նախագահ Թրամփը, վստահություն են հաղորդում, որ «մենք Հարավային Կովկասում բացում ենք խաղաղության, բարգավաճման, տնտեսական համագործակցության էջը»։
Փաշինյանը հատուկ ընդգծեց՝ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման համաձայնագիրը հիմնված է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու իրավազորության սկզբունքների հիման վրա։
«Սա լրջագույն գործարք է մեր երկրների, տարածաշրջանի ու աշխարհի համար, քանի որ ավելի խաղաղ տարածաշրջանը նշանակում է ավելի խաղաղ աշխարհ», - հավելեց նա:
«Սա օր է, որ կհիշվի Ադրբեջանի ժողովրդի կողմից՝ նախագահ Թրամփի կողմից՝ մեր երկրի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ նախագահի, Հայաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
«Այսօր մենք խաղաղություն ենք հաստատում, որը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանում, որը կվերացնի խոչընդոտները և հնարավորություններ կստեղծի բազմաթիվ երկրների համար», - ասել է Ալիևը և նշել, - «Նախագահ Թրամփն է խաղաղություն բերում Կովկասում, և մենք շնորհակալ ենք դրա համար։ Մենք շուռ կտանք արյունայեղության էջը, և պայծառ ապագա կապահովենք մեր երեխաների համար»:
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են ընդմիշտ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները:
«Հայաստանն ու Ադրբեջանը հանձն են առնում հավերժ դադարեցնել ցանկացած տեսակի կռիվ, բացել առևտրային, ճանապարհորդական, դիվանագիտական հարաբերությունները, հարգել միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:
Իրենք շատ լավ հարաբերություններ են ունենալու: Այդքան շատ չեն իրար հանդիպել, բայց կարծում եմ՝ կհանդիպեն: Կասկած չկա, եթե ոչ, ինձ զանգեք, ես կշտկեմ ամեն ինչ», - ասել է նա:
Միաժամանակ հայտնել է, որ ԱՄՆ-ն վերացնում է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության սահմանափակումները:
Ինչ վերաբերում է ճանապարհին, ապա նա ասել է, որ երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա անցնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը:
Թրամփի խոսքով՝ ամերիկյան ընկերությունները լայնածավալ ենթակառուցվածքային զարգացում են ծրագրում Հայաստանում և Ադրբեջանում: