Մատչելիության հղումներ

Վարդան Հարությունյանը 2 ամսով կալանավորվել է. փաստաբան


ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվել է, դատական նիստից հետո լրագրողներին հայտնեց Հարությունյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը։

«Դատարանի որոշումը դեռ չենք ստացել, ստացել ենք միայն քաղվածքը, որտեղ նշվում է, որ պարոն Հարությունյանը պետք է 2 ամսով կալանավորվի», - ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ գործը վերաբերում է «Նորֆոլկ» ընկերությանը, նախաքննական մարմինը նշել է, որ ընկերության հետ Հարությունյանը կապ է ունեցել:

«Իրականում 2018 թվականին «Նորֆոլկ»-ի հետ կապված իրականացվել է քննություն, և այդ քննության արդյունքում կապն ամբողջությամբ հերքվել է»,- նշեց փաստաբանը։

Հակակոռուպցիոն կոմիտեն «Ազատությանը» հայտնել էր, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյային ձերբակալել են ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով:

Գործը վերաբերում է դեռ 2018 թվականին հարուցված քրեական վարույթին, ըստ որի մինչև իշխանափոխությունը ՊԵԿ-ին պատկանող մաքսատան շենքում տարածք է տրամադրվել հանցավոր գործունեություն իրականացնող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը: Դեռ 2018-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդել էր, թե հանցավոր սխեմա են բացահայտել ու, որ այդ շղթայում նաև ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ են:
Այդ ժամանակ ԱԱԾ տարածած տեսանյութում ասվում էր, որ 2017 թվականի հունիսին Հայաստանում հիմնադրվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը, և ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները Թուրքիայից, Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից բեռնատարներով բեռներ տեղափոխող ընկերություններին պարտավորեցրել են այսուհետ ապրանքները մաքսազերծվել բացառապես «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության միջոցով:

Ամբողջական տարբերակը՝ այստեղ

XS
SM
MD
LG